ՈՒկրաինայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին` սա, թերևս, Կիևին դեպի Մաքսային միություն բերելու վերջին փորձն էր: Լուկաշենկոն Մաքսային միության երկրների անունից առաջարկել է «գտնել բանաձև, որն Ուկրաինային թույլ կտա բնականոն մասնակցել Մոսկվայի նախաձեռնած ինտեգրման գործընթացներին»։
Միաժամանակ, նա ասել է, որ եթե ՈՒկրաինայի ինտեգրման առաջարկները խեղաթյուրեն կամ հաշվեկշիռը խախտվի հօգուտ Եվրամիության, ոչ Ռուսաստանը, ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը նման առաջարկ չեն ընդունի: Բելառուսի նախագահը գտնում է, որ «ՈՒկրաինայի իրավունքն է ընտրել, թե որ ուղղությամբ է շարժվելու, մեր իրավունքն է` հաշվի նստել ՈՒկրաինայի իրավունքի հետ, հասկանալ, որ դա ինքնիշխան և անկախ պետություն է», ավելին` «Ինչպես էլ Ուկրաինան իրեն պահի, նույնիսկ եթե ՆԱՏՕ մտնի, բոլորս, միևնույն է, ստիպված կլինենք որոնել կապեր ՈՒկրաինայի հետ։ Մենք, տարբեր պատճառներով, պարզապես դատապարտված ենք դա անել»: Նիկոլայ Ազարովին մնում էր շնորհակալություն հայտնել Լուկաշենկոյին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքելու որոշումը «զուսպ և հավասարակշիռ ընդունելու համար»: Վարչապետն առաջարկել է մտածել` «թե ինչ կարելի է անել, որ դրանից երկուսի համար լավ լինի, այլ ոչ թե վատ»` հավաստիացնելով, որ պատրաստ են առավելագույնս համագործակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Բելառուսի հետ: Բացատրելով իր երկրի դիրքորոշումը` վարչապետ Նիկոլայ Ազարովը նշել է. «ՈՒկրաինան հենց այնպես չէ իր առջև դնում Եվրամիության և Մաքսային միության երկրների հետ լինելու նպատակը։ Ուկրաինան դատապարտված է համագործակցության։ Չէ՞ որ հարևաններ ենք, մենք սահմաններ ունենք Բելառուսի, Ռուսաստանի և Եվրամիության հետ։ Բուն աշխարհագրական դիրքն է պարտադրում բազմակողմանի համագործակցություն»: